Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին, անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին, հայտարարել է, թե ընդդիմադիրների հաղթանակի դեպքում Սիրիան կվերածվի Ալ-Կաիդայի համար դրախտավայրի։ Այս մասինտեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով արաբական El Arabia-ին։
Մալիքին իր խոսքում նշել է, թե Սիրիայում Ասադի հեռանալուց հետո երկիրն անցնելու է սուննիների ձեռքը եւ Ալ-Կաիդայի համար դառնալու է դրախտ։ «Տարածաշրջանային երկրները Սիրիայի հարցում պետք է խելամիտ լինեն։ Եթե Սիրիայում ընդդիմադիրները հաղթեն, Լիբանանում ներքին պատերազմ կսկսվի, Հորդանանը կբաժանվի, իսկ Իրաքում էլ կրոնական համայնքների միջեւ պատերազմ կլինի»,-ասել է Մալիքին։
Իրաքի վարչապետը, ակնարկելով Թուրքիային եւ Ծոցի երկրներին, հայտարարել է, թե նրանք Սիրիայում ներքին պատերազմ են հրահրել։




























