Հայաստանում վերջերս կայացած նախագահական ընտրությունները միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների կողմից գնահատվել են որպես երկրի քաղաքական բարեփոխումների իրականացման գործընթացում առաջընթաց: Այս մասին փետրվարի  28-ին, բրիտանական ֆիլմերի 11-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը:

«Ես չէի ցանկանում միջոցառման թեմայի շրջանակից դուրս գալ, սակայն Մեծ Բրիտանիայի կառավարության անունից պետք է շնորհավորեմ Հայաստանի վերընտրված նախագահին»,- նշել է բրիտանացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր` փետրվարի  25-ի նիստում, հաստատել է նախագահական ընտրությունների վերջնական ամփոփման վերաբերյալ արձանագրությունը:

Երկրում վեցերորդ նախագահական ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփման արդյունքում, հենց առաջին փուլում հաղթել է գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ով ստացել է 58,64 տոկոս ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 36,75% -ը: