Տարեցտարի բրիտանական ֆիլմերի փառատոններն ավելի լավն են լինում եւ այս տարի իրականում կլինի յուրահատուկ: Այս մասին փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը:

«Կարիք չկա բացատրելու Հայաստանում բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնին Բրիտանական դեսպանատան կողմից ցուցաբերված աջակցության պատճառները: Ինձ շատ է դուր գալիս ֆիլմերի ցուցադրման ծրագիրը, քանի որ այն ներառում է նաեւ այլ մշակութային միջոցառումների իրականացումը: Կինոփառատոնի շրջանակում կցանկանայի նշել երկու կարեւոր հանգամանք: Առաջին հերթին դա ՄԱԿ-ի հետ կապն է: Հայտնի է, որ ՄԱԿ-ը ընթացիկ տարին հայտարարել է Ջրային համագործակցության միջազգային տարի: Համայն մարդկության համար ջուրը կարեւոր է: Որոշ երկրներում ջրի անբավարար քանակը կարող է հանգեցնել հակամարտության:Լավ կլինի, եթե փառատոնը կարողանա տեղ հատկացնել նման կարեւոր հարցին , որպես մարդկանց զարգացման եւ առողջության բարելավման հնարավորություն: Երկրորդ` առկա են մրցակցության էլեմենտներ, քանի որ հայտնի է, որ Հայաստանը հարուստ է կինեմատոգրաֆիայի ավանդույթներով եւ տաղանդավոր կինոռեժիսյորներով»,- նշել է բրիտանացի դիվանագետը:

Նրա ամենասիրելի ֆիլմն «Ակվարիում»-ն է, որի ներկայացմամբ կլինի կինոփառատոնի բացումը: «Փառատոնի ծրագրի մեջ ներառվել են նաեւ դասական ֆիլմեր, օրինակ`«Մեծ սպասումներ»-ը: Այս տարի մասնակիցներին սպասվում են բավականին հետաքրքրիր ֆիլմեր»,- ամփոփել է դեսպանը:

Նշենք, որ բրիտանական ֆիլմերի ամենամյա 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 2-11-ը եւ նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան: