Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում Հայաստանի ՊՆ հանձնառությունների ընթացքը գնահատելու նպատակով փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի գնահատող խումբը: Փետրվարի 25-ին խմբի անդամները այցելել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, որտեղ նրանց ներկայացվել է բրիգադի գործունեության վերաբերյալ զեկույց, անդրադարձ կատարելով խաղաղության աջակցության միջազգային գործողություններին զորամիավորման ստորաբաժանումների մասնակցության, բրիգադի կարողությունների զարգացման եւ փոխգործունակության ամրապնդման ընթացքի վերաբերյալ:
Փետրվարի 26-27-ին գնահատող խումբը ՀՀ ՊՆ-ում հանդիպումներ է ունեցել ՊՆ եւ ԶՈւ ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, միտված Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման շուրջ քննարկումներին:
Փետրվարի 28-ին ՆԱՏՕ-ի գնահատող խմբի ղեկավար Գի Ժերբոյին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի փորձագետը զեկուցել է գնահատման այցի արդյունքների մասին: Պաշտպանության նախարարն իր հերթին, կարեւորելով Գ. Ժերբոյի բազմամյա ներդրումը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի պաշտանական գերատեսչության փոխգործունակության ամրապնդման հարցում, վերջինիս պարգեւատրել է «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով:
Գնահատող խմբի այցի արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նախանշվել են նաեւ Հայաստանի հանձնառությունների կատարման շուրջ Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության հետագա ուղիները:




























