Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների օպրակարգը բավական լայն է եղել` Աֆղանստանից ֆրանսիական զորքերի դուրսբերումից մինչեւ վիզային ռեժիմի մեղմացում:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե երկու երկրներն էլ հանդես են գալիս Սիրիայի` «որպես ամբողջական, ժողովրդավարական եւ աշխարհիկ» երկրի պահպանման օգտին: Երկու նախագահները նաեւ քննարկել են իրավիճակը Մալիում, որտեղ ֆրանսիական բանակն ազատագրել է մի քանի նահանգներ զինված իսլամիստներից:

Ռուսաստանն ու Ֆրանսիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը տիեզերական ոլորտում:

Երկու նախագահները նաեւ քննարկել են շփման մեկ այլ հարց, որ կապ չունի միջազգային քաղաքականության հետ: Դա Ժերար Դեպարդիեն է: Խոսելով ՌԴ նոր քաղաքացու վերաբերյալ իր կարծիքի մասին` Օլանդը նշել է, թե Դեպարդյեն մեծագույն դերասաններից է, բայց նրա աշխարհայացքը տարբերվում է միջին ֆրանսիացու աշխարհայացքից: «Եթե Ժերարը որոշել է լքել երկիրը, իր գործ է: Եթե այդքան սիրում է Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը սիրում է Դեպարդիեին, դա բացատրելի է»,- նշել է Օլանդը: