Մարտի 2-7-ին Հայաստան կայցելի Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը:

Առողջապահության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի գլխավորությամբ պատվիրակությունը Հայաստանում կայցելի բժշկական տարբեր հաստատություններ եւ դեղագործական կենտրոններ:

Հիշեցնենք, որ Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցության հիմքը դրվել է 2012թ. սեպտեմբերին, երբ Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության կազմում Հայաստանի Հանրապետությունում  գտնվող Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը եւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը  ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության առողջապահության  նախարարության եւ Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

Իրաքցի գործընկերների հետ համագործակցության եզրերն առավել հստակեցվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի անցած տարվա նոյեմբերին Իրաքի Հանրապետություն կատարած այցի ընթացքում։ Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների արդյունքում առողջապահության ոլորտում կարեւորվել է կադրերի պատրաստմանը եւ բուժհաստատությունների միջեւ կապերի հաստատմանն ուղված փոխգործակցությունը: Քննարկվել են դեղերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը, ինչպես նաեւ Իրաքից Հայաստան բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման հարցերը:

Մարտի 2-7-ը Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի գլխավորությած պատվիրակությունը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի  հետ կհստակեցնի հետագա համագործակցության բոլոր հնարավորությունները: