Հաագայի միջազգային քրեական դատարանի վերաքննիչ պալատը փետրվարի 28-ին արդարացրել է Հարավսլավիայի բանակի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Մոմչիլո Պերիշիչին եւ նրան ազատելու կարգադրություն տվել:
2011-ի սեպտեմբերին նրան 27 տարվա բանտային կալանքի էին ենթարկել՝ 1993-1995թթ. մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:
Նիստում դատավոր Թեոդոր Մերոնն ընդգծել է, որ առաջին ատյանի դատավորները «իրավական սխալ են թույլ տվել»` Պերիշիչի վրա բարդելով Բոսնիայի սերբերի բանակի գործողությունների պատասխանատվությունը: Դատավորները վճռել են, որ Բոսնիայի սերբերի բանակը անօրինական միավորում չէ, եւ դրան աջակցելը հանցագործություն չի կարելի համարել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պերիշիչն իր կամքով է 2005թ. մարտի 7-ին հանձնվել միջազգային արդարադատությանը: Նրա դատը սկսվել է 2008թ. հոկտեմբերի 2-ին, այն անվանել են Հաագայի ռազմական դատարանում քննվող ամենակարեւոր գործերից մեկը:
Պերիշիչի անունը հայտնի էր դարձել 2002թ. մարտին, երբ, լինելով Սերբիայի փոխվարչապետ եւ պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, նա Սերբիայի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել էր Բելգրադի մերձակայքում` ամերիկացի դիվանագետին գաղտնի նյութեր փոխանցելիս: Քանի որ պատգամավորական անձեռնմխելիություն ուներ, նրան բաց էին թողել: Սերբիայի ռազմական դատախազությունը Պերիշիչին լրտեսության մեղադրանք էր ներկայացրել:




























