Ուոթերգեյթի սկանդալը բացահայտող հայտնի ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդը բողոքել է, որ իրեն սպառնացել են Օբամայի վարչակազմի աշխատակիցները: Խոսքը նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Ջեն Սթերլինգի մասին է: Վուդվորդի խոսքով` պաշտոնյան իրեն ուղղված էլեկտրոնային նամակում սպառնացել է իշխանությունների տնտեսական քաղաքականությունը քննադատելու համար, հաղորդում է Vesti.ru-ն:

The Washington Post թերթում տպագրված իր վերջին հոդվածում Վուդվորդը Օբամային եւ նրա վարչակազմին մեղադրել է արդեն կնքված պայմանագրի պայմանները փոփոխելու մտադրության մեջ: Նրա խոսքով` 2011-ին կողմերը պայմանավորվել են միայն կրճատել ծախսերը, սակայն հիմա նախագահն ու նրա մարդիկ հայտարարում են, որ «հավասարակշռության համար» անհրաժեշտ է միաժամանակ բարձրացնել հարուստների հարկերը:

Սպիտակ Տունը պնդում է, որ հենց այդպես է եղել պայմանավորվածությունը հանրապետականների հետ 2011-ին, սակայն թղթակիցը պարզել է, որ դա սուտ է:

Բոբ Վուդվորդը համարվում է ԱՄՆ-ի ամենահեղինակավոր լրագրողներից մեկը: Հենց նա է Կարլ Բերնշտեյնի հետ 1972-ին Ուոթերգեյթի սկանդալը բացահայտող հոդվածների շարք հրապարակել, որի հետեւանքով հրաժարական տվեց ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ռիչարդ Նիքսոնը: