Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Բուլղար ուղղափառ եկեղեցու նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտին:
«Տիրոջ օգնականությունն ու զորկացությունն ենք հայցում Ձերդ Սրբությանը` մաղթանքով, որ Բարձրյալն Աստված Ձեր հովվապետական ծառայությունն արդյունավորի նոր ձեռբերումներով` հանուն Բուլղար Եկեղեցու պայծառության եւ Ձեր հավատավոր ու բարեպաշտ հոտի հոգեւոր մխիթարության: Մեր աղոթքն է նաեւ, որ Տերն արգասավորի Ձեր եւ Ձեր Եկեղեցու ջանքերը` ի խնդիր խաղաղության եւ համերաշխության ամրապնդման, Եկեղեցիների ու տարբեր կրոնների միջեւ երկխոսության եւ բարեկամության զորացման», - ասված է հայրապետական շնորհավորագրում:
Գարեգին Բ-ն նաեւ գոհունակությամբ անդրադարձել է Բուլղարիայի ծաղկուն հայ համայնքին` իբրեւ վկայություն երկու եկեղեցիների պատմական կապերի ու համագործակցության: Շնորհավորական ուղերձում նա վստահություն է հայտնել, որ Նեոֆիտ Պատրիարքի գահակալության շրջանում երկու Եկեղեցիների միջեւ առկա եղբայրական եւ բարեկամական հարաբերությունները եւս կշարունակեն ծաղկել եւ արդյունավորվել` ի փառս Աստծու եւ ի բարօրություն հավատավոր երկու ժողովուրդների:




























