Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նորին սրբություն Մատաթիա Ա-ին` Եթովպիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք ընտրվելու առիթով:
«Լիահույս ենք, որ Ձերդ սրբության գահակալության շրջանում Եթովպիայի մեր քույր Եկեղեցին կշարունակի առաջընթաց արձանագրել իր Տիրավանդ առաքելության մեջ...:
Ուրախություն է մեզ համար հաստատել, որ պատմական են մեր երկու ժողովուրդների ու Եկեղեցիների կապերը, որոնք պսակվել են սիրո գործակցության բազում օրինակներով եւ ձեռքբերումներով, եւ որն այսօր էլ իր բարերար ազդեցությունն ունի մեր երկկողմ հարաբերություններում: Վստահ ենք, որ Ձերդ Սրբության գահակալության օրոք մեր Եկեղեցիների պատմական բարեկամությունը, որում նաեւ կարեւոր դերակատարություն ունի Եթովպիայի հյուրընկալ երկրում ապրող փոքրաթիվ, բայց պատմական հայ համայնքը, կշարունակի զորանալ եւ գործակցության նոր արդյունքներ արձանագրել` ի խնդիր միջեկեղեցական եւ միջկրոնական երկխոսության, աշխարհում խաղաղության եւ կայունության հաստատման», - ասված է շնորհավորական ուղերձում:
Գարեգին Բ-ն աղոթքով մաղթել է, որ Աստված պահի եւ պահպանի Եթովպիայի Թեւահեդո ուղղափառ եկեղեցին եւ նորընտիր պատրիարքին իր ամենազոր աջի օրհնության ներքո` պարգեւելով նրան քաջառողջ կյանքի երկար օրեր եւ Հովվապետական ծաղկյալ գավազան:
Եթովպիայի ուղղափառ եկեղեցու պատրիարքի գահակալության արարողությանը որպես Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչներ կմասնակցեն Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը եւ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:




























