ԱՄՆ դաշնային ծառայությունները փետրվարի 27-ին Սան Ֆերնանդոյում ձերբակալել են խարդախության մեջ կասկածվող ութ անձից վեցին: Խարդախության մեջ օգտագործվել են մարդկանց անձնական տվյալները, որոնց պետք է վերադարձվեր մոտ տասը միլիոն դոլարի հարկ: Այս մասին հաղորդում է «North Hollywood-Toluca Lake Patch»-ը:
Համաձայն 132 կետից բաղկացած մեղադրական եզրակացության, որն այս շաբաթ ներկայացվել է Լոս Անջելեսի Դաշնային դատարան, խմբի անդամները ստացել են մոտ 2 հազար մարդու անձնական տվյալները, որոնցից շատերը թոշակառու եւ անօթեւանների ապաստարանների բնակիչներ են եղել։ Նրանցից շատերը մեկ տարվա ընթացքում դաշնային հարկային ծառայություն հայտարարագիր չեն ներկայացրել:
Դատախազները պնդում են, որ մեղադրյալները հարկային ծառայության են ներկայացրել գողացված անձնական տվյալների զոհերի անուններով ձեւեր։ Փոխհատուցումն ստանալուց հետո մեղադրյալները խաբեությամբ ստացված կտրոնները փոխանցել են տարբեր կանխիկացնող ընկերությունների, որոնք էլ ստացել են իրենց բաժինը:
Իրենց գործունեությունը թաքցնելու համար ութ մեղադրյալներն օգտագործել են կոդավորված լեզու ԱՄՆ Գանձապետարանի կտրոնները նշելու համար, միմյանց դիմել են կեղծանուններով, վարորդական իրավունքներում նշել են կեղծ հասցեներ եւ անշաժ գույք են ձեռք բերել երրորդ անձանց միջոցով։
Ձեռբակալված են 47-ամյա Աշոտ Կարապետյանը` Հյուսիսային Հոլիվուդից, 33-ամյա Սուրեն Ղամբարյանը` Հյուսիսային Հոլիվուդից, 33-ամյա Արտակ Բերբերյանը` Վան Նայսից, 47-ամյա Վիգեն Ծատուրյանը` Սեն Վելիից, 33-ամյա Արմեն Բերբերյանը` Վան Նայսից եւ 30-ամյա Արման Զարգարյանը` Գրանադա Հիլզից։ Դրանից բացի, 33-ամյա Հակոբ Կանտրձյանը` Սիլմարից եւ 31-ամյա Դեւիդ Սամսոնյանը` Ուինեքթիից փախուստի մեջ են։
Իշխանությունները նաեւ ձերբակալել են երկու մարդու այլ մեղադրանքով։ Հյուսիսային Հոլիվուդից 41-ամյա Արմինե Նազարյանին մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանության գործակալներին կեղծ ցուցմունքներ տալու համար, իսկ Հյուսիսային Հոլիվուդից 23-ամյա Սպարտակ Կարապետյանը՝ Աշոտ Կարապետյանի որդին, ձերբակալված է զենքի կիրառմամբ հանցագործություն կատարելու կասկածանքով։




























