Մարտի 10-12-ը Երեւան է ժամանելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժուաու Սուարեշը, ում ուղեկցելու է ԵԱՀԿ ԽՎ-ում ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը, մարտի 10-12-ը Երեւանում ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում տեղի է ունենալու մեծ համաժողով, որին մասնակցելու են բազմաթիվ երկրներից ժամանած խորհրդարանականներ, փորձագետներ ու քաղաքական գործիչներ: Որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ սա Ժ. Սուարեշի առաջին այցելությունն է Հարավային Կովկաս եւ բացի Հայաստանից, նա կայցելի նաեւ Վրաստան ու Ադրբեջան:
«Նա խնդրել է կազմակերպել հանդիպումներ հանրապետության նախագահի, ԱԺ խոսնակի, ԱԳ նախարարի, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ, ինչպես նաեւ կհանդիպի հասարակական որոշ կազմակերպությունների, հնարավոր է նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,- նշեց Ա. Սաֆարյանն ու հավելեց. «Ժ. Սուարեշին ուղեկցելու է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հանձնակատար Գորան Լենմարկերը, ով ուշադրությամբ հետեւում է ԼՂ բանակցային գործընթացին: Ենթադրվում է, որ մարտի 11-ին Գ. Լենմարկերը ԱԺ դահլիճում տեղի ունենալիք համաժողովի շրջանակներում հանդես կգա ելույթով, որտեղ կշարադրի իր դիտարկումներն ու առաջարկությունները ԼՂ կարգավորման գործընթացում առաջընթացի կապակցությամբ»:




























