Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «միջազգային թեժ թեմաների» շուրջ փոխգործակցության հարցեր: Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդները պայմանավորվել են ամուր փոխգործակցել «միջազգային թեժ թեմաների» շուրջ` կապված Սիրիայի, մերձավորարեւելյան կայունացման, Իրանի, ԿԺԴՀ-ի եւ հակահրթիռային պաշտպանության բնագավառների հետ: Սիրիական ճգնաժամի համատեքստում Ռուսաստանի ղեկավարը նշել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին: Նախագահները Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին հանձնարարել են շարունակել ակտիվ շփումները:
Սպիտակ տան`BBC-ի ռուսական ծառայության մեջբերած հայտարարության մեջ հաղորդվում է, որ բանակցությունների արդյունքում Մոսկվան եւ Վաշինգտոնը «համաձայնել են քաղաքական փոփոխությունների հարցում համագործակցության խորացման անհրաժեշտության հարցում», որպեսզի որքան կարելի է շուտ Սիրիայում դադարեցվի բռնությունը:
Նախագահները պայմանավորվել են Հյուսիսային Իռլանդիայում` «Մեծ ությակի» գագաթաժողովի օրերին, համատեղ հանդիպում անցկացնելու մասին:
Կրեմլի կայքում ասվում է, որ Պուտինը հաստատել է պաշտոնական այցով Ռուսաստան ժամանելու Օբամայի հրավերը: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ Օբաման շատ է ցանկանում սեպտեմբերին այցելել Սանկտ Պետերբուրգ, որտեղ տեղի է ունենալու «Մեծ քսանի» գագաթաժողովը:




























