Երեկ կեսօրին մոտ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի եւ նույն մարզի Լիճք գյուղի «լավ տղաների» միջեւ մեծ բախում է եղել, որը վերածվել է մեծ իրարանցման: Մարտունեցիների ու լիճքեցիների միջեւ բախման պատճառը հեղինակություն կիսելու հարցերն են եղել: NEWS.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, միջադեպը կամաց-կամաց ավելի բազմամարդ է դարձել, որի մասնակիցների թիվը հասել է 100-ի: Բանը հասել է նրան, որ նրանք փակել են Մարտունի-Երեւան մայրուղին: Բախումը տեւել է մի քանի ժամ, որի ընթացքում լիճքեցիները կանգնեցրել են Մարտունիի մեքենաները եւ հարձակվել ուղեւորների վրա:
Այս ամենին ներկա են եղել նաեւ Մարտունիի ոստիկանության աշխատակիցները, որոնք սակայն չեն կարողացել ոչինչ անել, քանի որ բախումը շատ բազմամարդ է եղել: Նրանք ահազանգել են Երեւանի ոստիկանության 6-րդ վարչություն եւ միայն Երեւանից ժամանած ոստիկանների օգնությամբ է հնարավոր եղել հանդարտեցնել իրավիճակը: Բախման արդյունքում թեեւ կրակոցներ չեն հնչել, սակայն կան վնասվածքներ ստացած անձինք, որոնք տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներ: Ձերբակալվել են բախման մի շարք մասնակիցներ:
Սակայն լարվածությունն այս պահի դրությամբ էլ դեռ չի անցել: Ձերբակալվածները գտնվում են Մարտունիի ոստիկանությունում, իսկ ոստիկանության շենքի մոտ իրարանցում է: Բազմաթիվ մարդիկ են հավաքված այստեղ եւ պահանջում են ազատ արձակել իրենց ընկերներին:
Ի դեպ, ականատեսների պատմելով, այս միջադեպին ականատես է եղել նաեւ այդ պահին Մարտունիից Երեւան վերադարձող ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Նա երեկ Մարտունիում մարզխորհրդի նիստ է անցկացրել եւ վերադառնալիս ականատես է եղել միջադեպին:




























