Քալիֆորնիա նահանգի Սան Խոսեի դաշնային դատարանը 450 միլիոն դոլարով կրճատել է հարավկորեական Samsung ընկերության տուգանքի չափը, որը վճարվելու է Apple-ին՝ պատենտային իրավունքները խախտելու համար:
Հիշեցնենք, որ կես տարի առաջ նույն դատարանում Samsung ընկերությանը մեղավոր էին ճանաչել իր գլխավոր մրցակցի տեխնոլոգիան գողանալու համար եւ պարտավորեցրել 1,05 միլիարդ դոլար վճարել: Ըստ նոր վճռի` Samsung-ը պետք է վճարի 598,9 միլիոն դոլար:
Դատավոր Լյուսի Կոխը պարզաբանել է, որ նախորդ տարվա օգոստոսին սխալ է թույլ տվել ամերիկյան ընկերությանը հասցված վնասի գնահատման ժամանակ, որի փաստացի չափը հաստատելու համար կպահանջվի նոր դատավարություն, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով Reuters-ին:
Apple-ի եւ Samsung-ի պատենտային տարաձայնությունը սկսվել էր դեռեւս 2011թ. գարնանը: Apple-ը հարավկորեական ընկերությանը մեղադրել էր Galaxy սմարթֆոններում եւ պլանշետներում հանրահայտ iPhone-ը եւ iPad-ը պատճենելու համար:



























