Մի քանի հազար փախստականներ հարեւան Կոնգոյի Դեմոկրատական  Հանրապետությունում (ԿԴՀ) սկսված բախումներից հետո Ուգանդա են մեկնել, հայտնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

ԿԴՀ բանակի եւ Հյուսիսային Կիվու նահանգի ապստամբների միջեւ երկու օր առաջ սկսված բախումների արդյունքում նվազագույնը 36 մարդ է զոհվել, որոնցից ամենաքիչը 10-ը՝ խաղաղ բնակիչներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հակակառավարական խմբավորումների եւ ԿԴՀ-ի բանակի միջեւ զինված հակամարտությունը շարունակվում է 2004թ.-ից:

Ավելի վաղ ապստամբ գեներալներից Բոսկո Նթագանդայի ստեղծած  М23 խմբավորման վերահսկման տակ էին անցել մի շարք բնակավայրեր, այդ թվում Հյուսիսային Կիվու նահանգի Ռուտշուրու եւ Կիբումբա քաղաքները:  ԿԴՀ-ի իշխանությունները  М23-ի գրոհայիններին աջակցելու համար մեղադրում են հարեւան Ռուանդային, թեեւ վերջինիս կառավարությունը դա չի ընդունում: