Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան-Կի Մունին, որով իրենց մտահոգությունն են արտահայտել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Բրատիսլավայից Ստամբուլ նախատեսվող տեղափոխման կապակցությամբ` համարելով այս քայլը անտրամաբանական եւ ոչ նպատակահարմար:
Նամակում, որը ստորագրվել է հայաստանյան 15 հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից, ասված է, որ Հայաստանի հասարակությունը խորապես մտահոգված է ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Թուրքիայի Ստամբուլ քաղաք տեղափոխելու ծրագրի կապակցությամբ:
«Այդ մտահոգությունը պատճառաբանված է, դրանք սուբյեկտիվ չեն եւ մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, մեր պարտքն ենք համարում տեղյակ պահել Ձեզ եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին մեր երկրի հասարակության մտահոգության պատճառները», - ասված է նամակում, որտեղ թվարկվում են Թուրքիայում հայերի եւ ազգային այլ փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը եւ հանցավոր այլ արարքները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք համոզված ենք, որ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը եւ ՄԱԿ-ի անդամ երկրները լուրջ են վերաբերում մարդկության եւ իր քաղաքացիների նկատմամբ իրականացրած ագրեսիան չդապարտող Թուրքիայի ներկայիս իշխանությունների պահվածքը եւ գիտակցում են, որ ՄԱԶԾ–ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հնարավոր տեղափոխումը Թուրքիա կտրուկ կնվազեցնի նրա գործունեության արդյունավետությունը, անբարենպաստ եւ անհավասար պայմաններ կստեղծի տարածաշրջանի երկրների համագործակցության խնդրում», - նշում են նամակի հեղինակները՝ հավելելով. «Մենք հասկանում ենք, իհարկե, որ Թուրքիայի կողմից ՄԱԶԾ-ին հատկացվող ֆինանսական աջակցությունը կարեւոր նշանակություն ունի, բայց հույս ունենք, որ ՄԱԿ-ը կշարունակի առաջնորդվել արդարադատության, մարդու իրավունքների եւ արդարության գաղափարների սկզբունքներով` ստորադասելով ֆինանսականը: Վերջ ի վերջո ՄԱԶԾ-ին Թուրքիայից հատկացվող ֆինանսական ներդրումը չի կարող հավասարակշռել այդ երկրի քաղաքականությունից բխող հետեւանքների ֆինանսական ծախսերը, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից փախստականներին տրամադրվող օգնությունը»:
«Հուսով ենք, որ ՄԱԿ-ը հարազատ կմնա իր իսկ սկզբունքներին եւ հաշվի կառնի վերոհիշյալ ռիսկերն ու խոչընդոտները ՄԱԶԾ-ի Եվրոպական տարածաշրջանային կենտրոնը Թուրքիա տեղափոխելու դեպքում», - շեշտվում է նամակում:
«Սույն մտահոգությունները ամփոփել եւ ներկայացնում են ՀՀ-ում գործող այն հասարակական կազմակերպությունները, որոնք ակտիվորեն համագործակցում են ՄԱԿ-ի կառույցների հետ: Սակայն այն արտահայտում է երկրի բնակչության եւ հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնության տեսակետը», - եզրափակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան-Կի Մունին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուղղված նամակը:




























