ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը այսօր` մարտի 2-ին հրապարակել է նախագահական ընտրությունների վերաբերյալ 3-րդ միջանկյալ զեկույցը:
Զեկույցում նշվում է, որ փետրվարի 19-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների նախնական արդյունքները` ընդգծելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է առաջին փուլով: Երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկեց արդյունքները եւ պնդեց, որ ընտրություններում հաղթել է ինքը:
Դիտորդները նշել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները Երեւանում ու մարզերում, որին միացան որոշ ընդդիմադիր կուսակցություններ եւ գործիչներ, խաղաղ էին եւ իշխանությունները չեն միջամտում: Սակայն ոստիկանությունը հայտարարեց, որ դրանք ապօրինի են եւ կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության:
«Ընդհանուր առմամբ վերահաշվարկի եւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 132 դիմում է եղել տեղամասային հանձնաժողովներում` գրեթե բոլորը տրված պրն Հովհաննիսյանի կողմից, որոնք սակայն հիմնականում մերժվել են` այն հիմքով, որ դիմողները նման դիմում ներկայացնելու իրավունք չունեին: Ընտրական հանձնաժողովի կողմից երեք տեղամասերում նախաձեռնված վերահաշվարկի արդյունքում ձայների քանակը նախնական հաշվարկից չնչին շեղում է տվել»,-ասվում է զեկույցում:
Զեկույցի հեղինակները նշել են, որ իրենց առաքելության կողմից պաշտոնական արդյունքների վերլուծությունը վկայում է գործող նախագահի օգտին ստացած ձայների եւ շատ բարձր մասնակցության ցուցանիշների միջեւ փոխկապակցվածության մասին: «Սա մտահոգություն է առաջ բերում ընտրական գործընթացի ամբողջականության նկատմամբ»,- նշել են զեկույցի հեղինակները:
Գրեթե բոլոր բողոքները մերժվել են, այն դեպքում, երբ Ոստիկանությունն ու Գլխավոր դատախազությունը ավելի քան 300 հնարավոր իրավախախտումների վերեբերյալ հետաքննություն են անցկացրել: Տասը դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, ապա դիտորդների կարծիքով, որոշ ԶԼՄ-ներ հետընտրական շրջանում քաղաքական իրադարձությունների լուսաբանման ընտրանքային մոտեցում են դրսեւորել` ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատական կարծիքների սահմանափակման նկատելի միտումով: Միաժամնակ` մի շարք ինտերնետ ԶԼՄ-ներ ներկայացնում են բազմազան կարծիքներ:
Առաքելության վերջնական զեկույցը կհրապարկվի ընտրական գործընթացի ավարտից երկու ամիս անց:




























