Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան կարող է քրեական հետապնդման ենթարկվել հոմոֆոբիայի մեղադրանքով: Վալենսայի դեմ հայց է ներկայացրել խորհրդարանի նախկին պատգամավոր Ռիշարդ Նովակը:

Սեռական փոքրամասնությունների նկատմամբ ատելություն սերմանելու մեղադրանքների փաստով Վալենսայի դեմ հիմք է դարձել մարտի 1-ի հարցազրույցը: Վալենսան հայտարարել էր, թե «փոքրամասնությունը չպետք է նստի մեծամասնության գլխին», իսկ Սեյմում նույնասեռական պատգամավորները պետք է նստեն վերջին շարքում կամ, ընդհանրապես, «պատից այն կողմ»:

«Չեմ ուզում, որ այդ փոքրամասնությունը, որի հետ ես համաձայն չեմ, դուրս գա փողոց եւ պղտորի իմ երեխաներին ու թոռներին»,- ասել է Վալենսան:

Նախկին նախագահի արտահայտությունները հարուցել են որոշ կուսակցությունների, լրագրողների ու հասարակական ակտիվիստների դժգոհությունը, իսկ Վալենսայի որդին` Յարոսլավը հոր խոսքերն անվանել է «սխալ եւ վնասակար»: