Մոսկվայում Տաջիկստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին` կապված Հուջանդ-Դոնի Ռոստով չվերթի օդանավում տեղի ունեցած միջադեպի հետ, որով իբր Ռուսաստան են ժամանել խոլերայով հիվանդ Տաջիկստանի քաղաքացիներ: Դեսպանատունը պահանջել է փոխհատուցել տուժած քաղաքացիներին: Այս մասին այսօր` մարտի 5-ին, լրագրողներին հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Մուհամադ Էգամզոդը:
Նրա խոսքով` օդանավում եղել է 150 ուղեւոր եւ նրանց կասկածել են, որ խոլերայի կրողներ են միայն այն բանի համար, որ 2 ուղեւորներ հաճախ են գնում զուգարան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հունվարի 28-ին Հուջանդ-Դոնի Ռոստով չվերթն իրականացնող, «Դոնավիա» ընկերությանը պատկանող օդանավը վայէջքից հետո առանձնացվել է, իսկ բոլոր ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին զննել են օդանավակայան ժամանած բժիշկները: Օդանավի ուղեւորներն ավելի քան մեկ օր անցկացրել են օդանավակայանի սանիտարական գոտում:
Օդանավի անձնակազմը կասկածել է, որ երկու ուղեւորներ խոլերայով հիվանդ են, քանի որ շատ հաճախ են օգտվել զուգարանից: Բուժզննումը պարզել է, որ ուղեւորների մեջ խոլերայով հիվանդներ չկան, իսկ այդ երկու ուղեւորների մոտ հայտնաբերվել է դիզենտեիա:




























