Քանի որ չի եղել քննարկում ԲՀԿ-ի` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, հետեւաբար` որեւէ տեղեկատվություն այդ հարցի շոււրջ չի կարող լինել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան մեր հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, թե Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, կղեկավարի ԲՀԿ համամասնական ցուցակը:

Որպես ԲՀԿ մամուլի խոսնակ` նա հորդորեց բոլորին սպասել ԲՀԿ որոշմանը: «Ինչպես ամեն անգամ է լինում քաղաքական որեւէ իրադարձությունից առաջ, այս անգամը եւս չընկնել երեւակայության գիրկը եւ անհեթեթությունների վրա փչացնել թանաք մամուլի էջերում: Եթե զինվեք համբերությամբ, կարճ ժամանակ անց տրամաբանական ժամկետի մեջ ամեն ինչ կիմանաք»,- նշեց մամուլի խոսնակը` չհայտնելով, թե ԲՀԿ որոշումը երբ կլինի:

Նշենք, որ տեւական ժամանակ է` լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, թե ԲՀԿ համամասանական ցուցակը կղեկավարի Սեդրակ Քոչարյանը, ինչը բուռն քննարկումների պատճառ է դարձել ԲՀԿ-ում: