Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` մարտի 6-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարեւորել բարձր մակարդակի փոխայցելությունները եւ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության կայուն եւ շարունակական զարգացմամբ: Սերժ Սարգսյանը հայ-գերմանական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում մեծապես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը:

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը հանդիպման սկզբում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին եւ հաջողություն մաղթել պաշտոնավարման երկրորդ շրջանում: Հայաստանի հետ հարաբերությունները, Նորբերթ Լամմերթիի համոզմամբ, ավանդաբար լավ եւ բարեկամական են, ինչը, նրա կարծիքով, ամուր հիմք եւ լավ նախադրյալ է խորհրդարանական մակարդակով համագործակցությունն ավելի խորացնելու համար: Գերմանիայի Բունդեսթագի նախագահն այցի շրջանակներում ՀՀ ԱԺ-ում ունեցած իր հանդիպումներն ու բանակցությունները երկխոսությունը զարգացնելու տեսանկյունից արդյունավետ եւ քաջալերող է համարել: