Գերմանիայում Բունդսթագի ներկայացուցիչ Նորբերտ Լամերթը մարտի 6-ին այցելել է Երեւանի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Նորբերտ Լամերթը պսակ է դրել Ցեղասպանության զոհերի հուշակոթողին, այնուհետեւ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: «Իմ այցն այս վայր Հայաստան այցի հուզումնալից տարրերից է: Նման տեղեր կան նաեւ Գերմանիայում եւ ամբողջ աշխարհում: Չէին լինի, եթե չլինեին այն ողբերգական իրադարձությունները, որոնց խորհրդանիշն են դրանք», - նշել է գերմանացի քաղաքական գործիչը:
Նա ընդգծել է, որ 2005թ. Գերմանիայի Բունդսթագը որոշում էր կայացրել 1915թ. կատարված իրադարձությունների վերաբերյալ: «Եվ մենք այդ վճիռը կայացրել ենք նկատի ունենալով մեր անցյալը եւ գիտակցելով, որ սեփական պատմության նկատմամբ ինքնաքննադատական վերաբերմունքը ճիշտ որոշումներ կայացնելու կարեւոր նախապայման է», - հայտնել է Նորբերտ Լամերթը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն:




























