Եգիպտոսի վարչական դատարանը չեղյալ է համարել երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը, որոնց սկիզբը նախատեսված էր ապրիլի 22-ին:
Միաժամանակ, դատարանը չեղյալ է հայտարարել Մուհամեդ Մուրսիի հրամանագիրը` Ներկայացուցիչների պալատի ընտրությունների անցկացման մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ փետրվարին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին խորհրդարանական ընտրություններ է նշանակել ապրիլի վերջին: Ընտրությունները պետք է անցկացվեին 4 փուլով: Եգիպտոսի ղեկավարի հրամանագրի համաձայն` նոր խորհրդարանը պետք է առաջին անգամ հավաքվեր հուլիսի 6-ին, այսինքն մահմեդական ռամադան տոնի նախաշեմին:
Ընտրությունների սկիզբը նախատեսված էր ապրիլի 27-ին, բայց ավելի ուշ քրիստոնյա ղպտիները խնդրել էին փոխել ընտրությունների օրը, որպեսզի դրանք չխանգարեն Զատիկի տոնին:
Միաժամանակ, Եգիպտոսի ազգային փրկության ճակատը, որը միավորում է ազատական ուղղվածության ընդդիմադիր ուժերին, որոշել է բոյկոտել խորհրդարանական ընտրությունները:




























