Մայիսի 30-ին Կապան քաղաքի Շահումյան փողոցի իր բնակարանում 85-ամյա Հրանտ Ծատուրյանին դաժանաբար սպանելու համար 30-ամյա Կարեն Նավասարդյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Կապանի ոստիկանության բաժինը տեղեկացրել էր, որ 85-ամյա բնակչին ծեծելով եւ խոշտանգելով սպանել էր նախկինում 3 անգամ դատապարտված, 30-ամյա Կարեն Նավասարդյանը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Կապան քաղաքի բնակիչ, 85-ամյա Հրանտ Ծատուրյանին առանձին դաժանությամբ սպանելու համար Կարեն Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը:

Սյունիքի մարզի դատախազությունից հայտնում են, որ Կարեն Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել` առանձին դաժանությամբ սպանություն կատարելու համար եւ  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. մարտի 1-ի դատավճռով` վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 14 տարի ժամկետով: «Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Կարեն Նավասարդյանն, օգտվելով Հրանտ Ծատուրյանի միայնակ բնակվելու եւ տարեց լինելու հանգամանքից, վերջինիս բնակարանում բռունցքներով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, իսկ իր մոտ եղած դանակով, ֆիզիկական տառապանքներ պատճառելու նպատակով մի շարք հարվածներ է հասցրել գլխին, այնուհետեւ` առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով եւ ոտքերով հարվածները` կոտրելով Ծատուրյանի վեց կողոսկրերը եւ պատճառելով գանգուղեղային փակ տրավմա: Պատճառված վնասվածքների հետեւանքով Ծատուրյանը տեղում մահացել է»,-հաղորդում են Սյունիքի մարզի դատախազությունից, հաղորդում է «Առավոտը»: