Ժողովրդի հետ հանդիպումները օրենքը խախտելու նպատակ չեն հետապնդում: Այս մասին, այսօր` մարտի 6-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Մենք եկել ենք, որպեսզի ժողովրդին վերադարձնենք օրենքի իշխանությունը եւ ինքներս այն չենք խախտում: Մենք փետրվարի 18-ին դրա համար ենք քվեարկել, որպեսզի յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով. գյուղացին աշխատի, ուսուցիչը կրթի երեխաներին, ոստիկանությունը պահպանի հասարակական կարգը, ոչ թե վախեցնի մարդկանց:

Պարոն ոստիկանապետ, ասացեք ինձ, գուց եմենք խախտե՞լ ենք օրենքն այս հանդիպումով: Եթե մեն թիվը 99-ից ավելի է եւ մենք իրավունք չունեինք այստեղ հավաքվել, մենք պատրաստ ենք պատասխան տալ օրենքով»,-հայտարարել է նա ու հավելել. «Արդարությունը մեկն է բոլորի համար, այդ թվում նաեւ նրանց, ովքեր ստիպել է ժամկետային զինծառայողներին քվեարկել ոչ իր կամքով: Մեր հրաշալի տղաներին, ովքեր պաշտպանում են երկիրը, ստիպել են մասնակցել խախտումներին եւ մեղավորները պատասխան են տալու դրա համար: Ինձ պետք չէ ոչ մի հաղթանակ, այդ հաղթանակը ձերն է»,-ասել է Հովհաննիսյանը` դիմելով հավաքվածներին: