Իջեւան քաղաքում, այսօր` մարտի 6-ին, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին է մոտեցել տեղի բնակիչներից մեկը եւ ցանկացել է բանավեճի բռնվել նրա հետ: Մոտենալով Հովհաննիսյանին, նա իր զրույցն սկսել է հարցով, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը մշապես քննադատում է իշխանություններին, որոնք չեն արգելում իրեն հանրահավաքներ անցկացնել եւ թշնամաբար չեն տրամադրված իր հանդեպ:
«Հասկանում եմ ձեզ, յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, բայց քննադատելով ներկա կարգերը, ես խոսում եմ ոչ այնքան իմ, որքան ժողովրդի անունից»,-ասել է ընդդիմության առաջնորդը:
Ի պատասխան` քաղաքականապես գրագետ բնակիչը բերել է ԿԸՀ-ի տվյալները` ասելով. «Դուք հավաքել եք 37 տոկոս ձայն, մենք հարգում ենք ձեր ստացած ձայները, բայց ընտրված նախագահն այլ մարդ է, մենք բոլորս նրան հարգում ենք եւ գնահատում նրա անցած ճանապարհը»:
«Ես հավաքել եմ ոչ թե 37, այլ 61 տոկոս»,-վստահաբար ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը` նկատի ունենալով Իջեւան քաղաքը, որտեղ նա հաղթել է հենց նման տարբերությամբ: Սրան Իջեւանի բնակիչն արձագանքել է. «Ես նկատի ունեմ ոչ թե մեկ քաղաքը, այլ` մարզը, որտեղ մարդկանց մեծամասնությունը աջակցում է Սերժ Սարգսյանին»:
Հավաքվածներից մի քանիսը տեղից հարցեր են հնչեցրել ուղղված այդ բնակչին, թե ինչով է ինքը զբաղվում, գուցե մարզպետարանի աշխատո՞ղ է, ինչին ակտիվիստը չի պատասխանել եւ արագ հեռացել է:
Մեր տեղեկություններով հարց տվողը եղել է ոմն Վասիլ Իսահակյանը` Վազաշենի նախկին գյուղապետը, ՀՀԿ անդամ:




























