ԱՄՆ ղեկավարության կողմից 2000-ականների կեսերին առաջ քաշված արաբական երկրների աշխարհաքաղաքական տարածաշրջանին առնչվող «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծն առնչվեց նաև մուսուլմանական երկրներով շրջապատված Իսրայել պետությանը, որի համար 21-րդ դարի երկրորդ տասնամյակում ստեղծված աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ:

Բացի այն, որ Իսրայելը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ նրան որպես կանոն թշնամաբար են վերաբերվում, երկիրն ունի խնդիրներ հենց հարեւան պետությունների հետ: Առաջին հիմնախնդիրը, որը գրեթե միշտ լարված է պահել իրավիճակը ինչպես Իսրայելի ներսում, այնպես էլ Իսրայել-հարևան արաբական երկրներ հարաբերությունները (բավական է նշել արաբաիսրայելական պատերազմները), դա պաղեստինյան դեռևս լուծում չստացած հիմնախնդիրն է, որտեղ Իսրայելը միշտ հանդիպել է ինչպես պաղեստինյան իշխանությունների, հարևան երկրներում հայտնված պաղեստինցի փախստականների դիմակայության, այնպես էլ պաղեստինաիսրայելական հակամարտությունում արաբական երկրների պաղեստինամետ դիրքորոշման:

Երկրի արևմուտքում` Գազայի հատվածում, Իսրայելին շարունակում են դիմակայել «ՀԱՄԱՍ» իսլամական, ինչպես նաև սուննիական արմատական այլ խմբավորումներ: 2012 թ.-ի նոյեմբերին այս կազմակերպության և Իսրայելի միջև ծագած հակամարտությունը և դրան հաջորդած զարգացումները ցույց տվեցին, որ «ՀԱՄԱՍ»-ը 2008թ-ից ի վեր ամրապնդել է իր դիրքերը` ավելացնելով սեփական հնարավորությունները տարածաշրջանում` օգտագործելով հեռահար գործողության ռազմական միջոցներ, ոչնչացնելով իսրայելական անօդաչու թռչող սարքեր, իրականացնելով ահաբեկչական գործողություններ, զանգվածային հրթիռակոծության ենթարկելով Իսրայելի տարածքը` սպառնալով Թել Ավիվին, Երուսաղեմին և իսրայելական այլ խոշոր քաղաքներին:

Հյուսիսից Իսրայելի դեմ պայքարում է լիբանանյան շիական «Հիզբալլահ» իսլամական արմատական կառույցը, որը իր առջև ոչ այնքան զուտ կրոնական որքան քաղաքական խնդիրներ է դնում` փորձելով իր գործողություններով հակազդել Իսրայելին (ըստ որոշ փորձագետների վերջին տարիներին Իսրայել-«Հիզբալլահ» հակամարտությունում արդյունավետության գործակցի մեջ «Հիզբալլահ»-ը սկսում է բարելավել սեփական դիրքերը):

Եգիպտաիսրայելական սահմանային գծում` Սինայի թերակղզում, և Սիրիայի հետ սահմանակից Գոլանի բարձրունքներում նույնպես Իսրայելը հանդիպում է ծայրահեղ իսլամական խմբավորումների դիմակայության: Մյուս կողմից Եգիպտոսում իշխանության եկած սուննիական արմատական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, մեղմ ասած, բարյացակամ տրամադրված չէ Իսրայելի հանդեպ:

Իհարկե, Իսրայելը չէր կարող անտարբեր մնալ հարևան Սիրիայում տեղ գտած գործընթացներին: Աստիճանաբար խորացող սիրիական ճգնաժամը, այստեղ ակտիվացող իսլամական ծայրահեղ արմատական սեգմենտը, ինչպես նաև անընդհատ շրջանառվող սիրիական քիմիական զենքի հնարավոր հայտնվելը իսլամական արմատական խմբավորումների ձեռքում ստիպում են Իսրայելին ակտիվացնել գործողությունները իսրայելասիրիական սահմանային գոտում և ոչ միայն:

Ընդհանրապես շիական Իրանը, իր հրթիռաշինության ասպարեզում վերջին տարիներին ունեցած նկատելի ձեռքբերումներով, սեփական միջուկային ծրագրերի ուսումնասիրություններով և այլն, հանդիսանում է Իսրայելի ամենագլխավոր ռազմավարական հակառակորդը, որն աջակցում է տարածաշրջանում Թել Ավիվի հանդեպ ամենաանհաշտ և թշնամաբար տրամադրված իսլամական ուժերին («Հիզբալլահ», «ՀԱՄԱՍ» և այլն): Իսրայելն իր հիմնական  արտաքին քաղաքական շեշտադրումներում ուղղորդվում է իրանական հիմնախնդրի ուժային լուծման տարբերակով, սակայն այս երկրի նման նկրտումները դեռևս չեն գտնում համապատասխան արտաքին արձագանք, իսկ չունենալով միջազգային աջակցություն` Իսրայելը դեռևս միայնակ չի գնա ռազմական հանգուցալուծման, չնայած վերջին շրջանում ավելացնելով սեփական ռազմական ներուժը և համալրվելով ժամանակակից ռազմատեխնիկական ձեռքբերումներով, Իսրայելը, ըստ որոշ փորձագետների, ունակ է միայնակ իրականացնել Իրանի դեմ ուղղված ռազմական միջոցառումներ:

Սիրիայի և Իրանի հանդեպ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների իրականացումը ձեռնտու կլինի մերձավորարևելյան այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Թուրքիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Կատարը և Պարսից ծոցի նրանց դաշնակից երկրները, որոնք սպառնալիք են զգում հատկապես շիական Իրանի կողմից: Հետևաբար նրանց համար նախընտրելի կլիներ, որ իրանյան խնդրի հանգուցալուծմանն Իսրայելը գնա ռազմական ճանապարհով:

Առավել լայն տարածաշրջանային զարգացումների առումով թեժանում է նաև շիա-սուննիական հակամարտությունը: Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղ գտած փոփոխությունների ընթացքում նկատվում է իսլամի երկու հիմնական ուղղությունների` սուննիական և շիական հոսանքների միջև հակամարտության նոր ալիքի բարձրացում: Շիական շղթայի մաս կազմող Իրանի աճող ռազմական հզորությունն ու թափ ստացած իրանյան միջուկային ծրագրերը անհանգստացնում են նաև սուննիադավան երկրներին` հատկապես Սաուդյան Արաբիային, Կատարին և Թուրքիային, որոնց կողմից տարածաշրջանում տարվող հակաիրանական քաղաքականությունը, հատկապես դեռևս շարունակվող սիրիական  ճգնաժամում, էլ ավելի է սրում իրավիճակը տարածաշրջանում:

Իսրայելը գիտակցում է արաբական երկրների կողմից իր ռազմաքաղաքական ուղեգծի հանդեպ աստիճանաբար ավելացող դիմակայությունը և հետեւողական քայլեր է ձեռնարկում իր համար առավել վտանգավոր հատվածների չեզոքացման ուղղությամբ (նպատակաուղղված ռազմական գործողությունների իրականացմամբ պաղեստինյան ռազմական խմբավորումների ղեկավար օղակների ոչնչացում, որոշ արաբական երկրների ռազմական ենթակառուցվածքների և օբյեկտների ճշգրիտ ռմբահարման իրականացում, արաբների կողմից ռազմամթերքի գնման և արտերկրներից դրանց ձեռքբերման խոչընդոտում և այլն)` ստեղծելով և զարգացնելով նաև սեփական երկրի համընդհանուր հակահրթիռային համակարգը («Երկաթե գմբեթ» և այլն), արդիականացնելով սեփական սպառազինությունը, օգտվելով ԱՄՆ և այլ դաշնակից պետությունների իսրայելամետ քաղաքականությունից և այլն:

Եթե հրեական հասարակական շերտերում 19-ից 20-րդ դդ.-ի ընթացքում սիոնիզմի գաղափարական արմատավորումը հիմք դրեց 20-րդ դարի կեսերին Իսրայել պետության ստեղծման, ապա 21-րդ դարի սկզբին տարածաշրջանում Իսրայել պետության համար առկա հիմնախնդիրների լուծմանն ու հետագա անվտանգությանն են միտված հիպերսիոնիզմի (Աբրահամ Շմուլևիչ) և պանսիոնիզմի (Անդրեյ Զելև) գաղափարախոսությունները, որոնք քարոզում են Իսրայել պետության կառուցում Նեղոսից մինչև Եփրատ ընկած տարածքներում` իր մեջ ներառելով Հորդանանի, Սինայի թերակղզու, Գոլանի, Լիբանանի, Կիպրոսի, Իրաքի, Քուվեյթի տարածքները: Այս երկու գաղափարախոսությունների հիմքում ընկած է նաև Իսրայելի հեգեմոնիայի գաղափարը Մերձավոր Արևելքի ողջ տարածքում, որը պետք է ապահովվի ոչ միայն ուժի, այլև ինտելեկտուալ և տնտեսական ազդեցության կիրառմամբ, ինչը հակասում է տարածաշրջանում մուսուլմանական երկրների որդեգրած քաղաքականությանը, եւ միշտ թշնամաբար է ընկալվել ինչպես մուսուլմանական երկրների ղեկավար շրջանակների, այնպես էլ իսլամական հասարակական լայն շերտերի կողմից: Այս առումով հատկանշական է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վիեննայում օրերս հնչեցրած այն միտքը, որ իսլամատյացությունը սիոնիզմի հետ մեկտեղ պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Ուստի այս ամենը հաշվի առնելով 21-րդ դարի երկրորդ տասնամյակի սկզբին «Արաբական գարնան» արդյունքում հյուսիսաֆրիկյան և  մերձավորարևելյան տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը (մուսուլմանական երկրներում ավտորիտար-աշխարհիկ վարչակարգերի փոխարեն այս երկրներում իսլամական արմատական ուժերի իշխանության գալը, իսլամական արմատական, հատկապես ծայրահեղ արմատական տրամադրությունների ակտիվացումը, խորացող սուննի-շիական հակամարտությունը և այլն) իհարկե մի կողմից վտանգ է ներկայացնում Իսրայելի համար, սակայն մյուս կողմից Իսրայելը փորձում է այս ամենի ֆոնի ներքո ավելացող ներիսլամական տարաձայնություններն օգտագործել իր շահերը սպասարկելու և սեփական անվտանգությունն ապահովելու համար: Իսրայել պետության համար գերադասելի սցենարներից կլինի այս հակասությունները շահարկելով սուննի-շիական հակասությունների ոլորտ առավել մեծ թվով մուսուլմանական երկրներին ներքաշելը և այս հակասությունը առավել ակտիվ փուլ տեղափոխելը, ինչը տարածաշրջանային զարգացումների և միտումների տրամաբանության համատեքստում առավել նպաստավոր և արժեքավոր կարող է լինել Իսրայելի ապագա ճակատագրի կանխատեսման առումով: 

Սարգիս Գրիգորյան