Ուկրաինայում ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության անդամ Սերգեյ Վլասենկոն զրկվել է պատգամավորական մանդատից: Համապատասխան որոշումն այսօր` մարտի 6-ին, կայացրել է վարձրագույն վարչական դատարանը, հաղորդում է «Ուկրաինսկիե նովոստին»:

Մանդատից զրկելու ընթացակարգը նախաձեռնել է իշխող «Ռեգիոնների կուսակցության» ներկայացուցիչ, խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը: Ընդդիմադիր գործչին մեղադրել են, որ նա պատգամավորի գործունեությունը համատեղում է փաստաբանական գործունեության հետ: Վլասենկոն ներկայացնում է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շահերը:

Մանդատից զրկելու ընթացակարգի ժամանակ Վլասենկոյի շահերը ներկայացրել է միացյալ ընդդիմության ղեկավար Արսենի Յացենյուկը: Դատարանի վճռից հետո Յացենյուկն առաջարկել է դատավորներին հանել պետական խորհրդանիշները: «Դուք խայտառակում եք երկիրը»,-ասել է նա: