Թուրք-իսրայելական լարված հարաբերությունները բարենպաստ հիմք են Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Իսրայելի «Արարատ» հայ համայնքի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին:
Նրա խոսքով` Իսրայելի հայ համայնքը, նախ եւ առաջ, աշխատանքներ է տանում իսրայելցիների շրջանում հայ ժողովրդի մշակույթի եւ պատմության, ինչպես նաեւ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: «Բացի այդ, հայ համայնքը քայլեր է ձեռնարկում Կնեսետի հայամետ պատգամավորների հետ համագործակցելու համար` Իսրայելի պետության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նպատակով»,-ասաց նա:
Մամուլի քարտուղարը նաեւ հայտնեց, որ ապրիլի 24-ին, հայ համայնքի նախաձեռնությամբ, Իսրայելում կկայանան մի շարք միջոցառումներ` նվիրված հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Դրանցից գլխավորը բողոքի ցույցն է լինելու Թուրքիայի դեսպանատան մոտ:
Հիշեցնենք, որ Կնեսետի մշակույթի եւ կրթության հանձնաժողովում վերջին անգամ հայոց ցեղասպանության հարցը քննարկվել է 2012-ի դեկտեմբերի 26-ին:




























