ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը ձեռնպահ է մնում որեւէ գնահատական տալ իր մահափորձի գործով նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորմանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, որ իրեն այդ ամեն ինչը չի հետաքրքրում, ամեն ինչ պարզ կլինի քննության ավարտից հետո:
«Ես այդ մարդուն չեմ ճանաչում, ինքն ինձ չի ճանաչել, կամ չէ ինքը ինձ կարող է ճանաչել է: Կարո՞ղ է` ինքն էլ չէ, ո՞վ գիտի, քննությունը կպարզի, կտեսնենք»,- նշեց նա:
Նախագահի թեկնածուն նշեց, թե մեկը պատվեր է տալիս, փուլ առ փուլ գնում է, պետք է պատվիրատուին գտնել, եթե կարող են գտնել: Նա շեշտեց, որ կատարողներին են բռնել եւ կարծես ընկել են Վարդան Սեդրակյանին պատվեր տվողների հետքերի վրա: «Սպասում եմ` վերջնական քննությունը ինչ կասի»,- նշեց Հայրիկյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Մինչեւ այդ, այսօր` մարտի 5-ին, NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` խուզարկություններ են կատարվել Սեդրակյանի մեքենաներում եւ գրասենյակում, նաեւ նրա տանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Սեդրակյանը նշել էր, թե տեղեկություն չունի իր տան խուզարկության եւ իրեն ձերբակալելու մասին շրջանառվող տեղեկություններից: «Ես հիմա տանը չեմ, աշխատանքի վայրում եմ, նման տեղեկություն չունեմ»,- ասել է նա:
Հարցին, թե որտեղ է աշխատում, նա պատասխանել էր, որ «Արմատ» ակումբում է, շուտով դուրս է գալու»: Նախագահի նախկին թեկնածուն ասել է նաեւ, որ իրեն ձերբակալելու մասին լուրերին վերաբերում է հումորով:
ԱԱԾ մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ին հայտնել էին, որ ընթանում է նախաքննություն: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ի դեպ, երկուսն էլ Վարդան Սեդրակյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնել:




























