Գերմանացի զինվորականներն այլեւս չեն կարող հանդուրժել օսմանցի դաշնակիցների կողմից ծաղրուծանակը, գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն:
Բունդեսվերի կոնտինգենտը, որը ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում տեղակայված է Կահրամանմարշ քաղաքում` «Patriot» հրթիռների օգնությամբ թուրքական սահմանը Սիրիայի հնարավոր գրոհից պաշտպանելու համար, ենթարկվում է ծաղրի եւ նավաստացման: Գերմանիայի խորհրդարանական զեկույցում ընդգծվում են դժվարությունների մասին, որոնց գերմանական զորքերը բախվում են Թուրքիայում:
Անցած շաբաթ Թուրքիա կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլերը գովասանքով էր խոսել ՆԱՏՕ-ի առաքելության մասին` համարելով գերմանա-թուրքական համագործակցության օրինակ, սակայն Գերմանիայի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի համաձայն` գերմանացի զինվորներն ամենեւին էլ ցանկալի հյուրեր չեն Թուրքիայում: Հեղինակները «թուրքական իշխանությունների հետ համագործակցությունը ընդհանուր առմամբ խնդրահարույց» են համարում եւ «անհապաղ գործողությունների» կոչ են անում:
Անգամ դժվարագույն պայմաններում, ինչպիսին Աֆղանստանում ծառայությունն է, անբասիր մաքրության սովոր գերմանական զորակազմը սարսափած է եղել զորանոցների անմխիթար եւ հակասանիտարական վիճակից:
Լարվածությունը գագաթնակետին է հասել փետրվարի վերջին, Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզիերի այցի ժամանակ: Պնդելով, որ Բունդեսվերի զորանոցը գտնվում է Թուրքիայի ինքնիշխան տարածքում, թուրք զինվորականները ստիպել են հեռացել Գերմանիայի բոլոր դրոշներն ու Գերմանիայի քաղաքների անուններով պաստառները: Զորանոցի հրամանատար թուրք գեներալը հրել է Գերմանիայի ռազմական ոստիկանության կին աշխատակցին, ով արգելել է նրա մեքենայի մուտքը, որպեսզի անցնի գերմանացի նախարարի ավտոշարասյունը:
Ընդունելով, որ «իրավիճակը բարդ է», Գերմանիայի պաշտպանույթան նախարարը փորձում է մեղմել այն` վկայակոչելով «մշակութային տարբերությունները» եւ պնդելով, որ Անկարան անում է ամեն ինչ` գերմանական զորքերի ընդունելության պայմանները բարելավելու համար: Փետրվարին գերմանացի հինգ զինվորներ շուկայում հարձակման էին ենթարկվել թուրք ազգայնականների կողմից:




























