Նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանն առողջական խնդիրներ ունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ այցելել է նրան, զրուցել: Վարդան Սեդրակյանի տրամադրությունը նորմալ է, բայց առողջական վիճակն այդքան էլ լավ չէ, ինչը կապված չէ կալանքի հետ: «Կողքը բռնել էր, ասաց` ցավում է, բայց այդ խնդիրը շուտվանից ուներ, սրվել էր ընտրական շրջանում հանդիպումների հետեւանքով»,- նշեց փաստաբանը:
Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ առայժմ անհրաժեշտություն չկա դիմում գրել եւ նրան տեղափոխել հիվանդանոց: Եթե նման խնդիր առաջանա, փաստաբանը կարծում է, որ նախաքննական մարմինն ինքը դա կանի, քանի որ նպատակ չունեն նրա առողջությանը վնասելու:
Նրանք արդեն դիմել են քննիչին` մեղադրանքի հիմքերը ճշտելու համար, կարծում են, որ սահմանված ժամկետում կներկայացնեն: Իսկ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու համար դատարան դիմումը ընթացքի մեջ է, 5 օրում կարող են ներկայացնել, կփորձեն հասցնել եւ վաղը հանձնել:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ի դեպ, երկուսն էլ Վարդան Սեդրակյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնել:




























