Երեւանի ավագանու ընտրություններին միասնական հանդես գալու Հայ ազգային կոնգրեսի առաջարկը ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» ողջունում են:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրոււյցում նշեց, որ տեղյակ չէր ՀԱԿ դիմումից, եթե նման դիմում կա, ապա կարծիք կարող են հայտնել միայն քննարկումից հետո: Նա նշեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ քննարկումներ ունեցել են. «Ցանկալի ենք համարում միասնական ձեւաչափով հանդես գալը»,- նշեց նա` հավելելով, որ ցուցակների հարց չի քննարկել, այլապես կհրապարակվեր:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ գաղափարը ճիշտ է, բայց դեռ իրենց մոտ չեն քննարկել:
«Որպես գաղափար` ողջունում ենք, մենք այդ մասին բազմիցս ենք ասել, որ ընդդիմության համախմբումն այս շարժման շուրջ դրական արդյունքներ կարձանագրի միասնական հետագա պայքարում: Մենք հայտարարել ենք, որ հարթակը բաց է, պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել»,- նշեց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ արդեն բանակցում են ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, սակայն վերջնական որոշում չունեն:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակացության ձեւաչափի վերաբերյալ քննարկումները կլինեն առաջիկա օրերին: «Այս պահին ձեռնպահ կմնամ իմ տեսակետը հնչեցնելուց, որովհետեւ դա, ի վերջո, քաղաքական հարց է: Երբ քաղաքական խորհրդում ավարտվեն քննարկումները, մենք մեր դիրքորոշումը կհրապարկենք»,-նշեց նա: Դիտարկմանը, թե ընտրություններին միասնական հանդես գալը ԲՀԿ-ի համար տարբերակ կարող է լինել, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «թույլ տվեք ներքին քննարկումների վերաբերյալ, քանի դեռ խնդիրը չի տեղափոխվել քաղաքական խորհուրդ որեւէ բան չհրապարակել»: Հարցին, թե բանակցություններ մյուս ուժերի հետ ընթանում են, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ համենայն դեպս, ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ոչ իշխանական ուժերին՝ «Ժառանգությանը», «Բարգավաճ Հայաստանին» եւ Դաշնակցությանը առաջարկում է միասին հանդես գալ մայիսի 5-ի ընտրություններում։




























