ԱՄՆ-ի մի քանի սենատորներ մարտի 6-ին արգելափակել են ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում Ջոն Բրենանի հաստատումը: Նրանք ԱՄՆ-ի տարածքում ամերիկացիներին ոչնչացնելու համար անօդաչու թռչող սարքերը չկիրառելու խոստում են պահանջում Օբամայի վարչակազմից:
Ձգձգման ընթացակարգին է դիմել Կենտուկի նահանգի սենատորներ հանրապետական Ռենդ Փոլը: Սենատորը վեց ժամից ավելի թույլ չի տվել խորհրդարանականներին քվեարկել Բրենանի օգտին, որի հետեւանքով նիստն ավարտվել է` առանց վճիռ կայացնելու: Իսկ եղած դադարներն էլ «լրացրել են» ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի նրա մի քանի գործընկերները:
«Ես կխոսեմ այնքան, ինչքան կկարողանամ», - սենատորի խոսքերն է մեջբերում Fox News հեռուստաընկերությունը: «Ես կխոսեմ այնքան, մինչեւ նախագահը չասի. «Ոչ, ես ձեզ չեմ սպանի սրճարանում»:
Ըստ Փոլի` այդ թեմայով Սպիտակ տան եւ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի վերջին հայտարարությունները չեն բացառել, որ ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են սպանվել ոչ միայն արտասահմանյան պետությունների տարածքում, այլեւ երկրի ներսում, գրում է gazeta.ru-ն:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը հայտնել է, որ կփորձի քվեարկություն կազմակերպել ձգձգման դադարեցման կապակցությամբ, սակայն դրա համար նա պետք է 100 սենատորներից 60-ի ձայնն ունենա:Արգելափակման գործողությունը նախկինում խորհրդարանականները հաճախ էին կիրառում եւ օրենքի ընդունումը երբեմն ամիսներ էր տեւում:




























