ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մարտի 6-ի երեկոյան ընթրել է հանրապետական սենատորների հետ: Պետության ղեկավարն ընթրիքից գոհ է մնացել:  Ընթրիքի գումարը Բարաք Օբաման անձամբ է վճարել, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ըստ Սպիտակ տան աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի` այդ ընթրիքին մասնակցել են ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության 12 սենատորներ, այդ թվում՝ Ջոն ՄըքՔեյնը, Լինդսի Գրեմը եւ Բոբ Քորքերը:

Հայտնի չէ, թե դեմոկրատ Բարաք Օբաման ինչ թեմաներ է քննարկել հանրապետական սենատորների հետ: Սակայն լրագրողները պարզել էին, որ  ընթրիքին հիմնական թեման եղել է բյուջեի կրճատման հետեւանքները նվազագույնի հասցնելը:

«ԵվրոՍմի»-ն հայտնում է, որ վերջին ժամանակներս լրագրողները դժգոհ են Բարաք Օբամայի մամուլի ծառայության գործողություններից եւ օրերս քննադատել էին մամուլի քարտուղար Ջեյ Քարնիին` նրան մեղադրելով նախագահի գործունեությունը լուսաբանելու հնարավորություն չընձեռելու համար: