ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունն ընդդիմության զինյալներից պահանջել է անհապաղ ազատ արձակել ՄԱԿ-ի Խաղաղապահ ուժերի զինծառայողներին, որոնք հետեւում էին սիրիական եւ իսրայելական զորքերի միջեւ բաժանարար գծում, Գոլանի բարձունքներում:

Ավելի վաղ տարածած հայտարարության մեջ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչները վճռականորեն դատապարտել են չորեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակումը: «ԱԽ անդամները պահանջել են անհապաղ եւ առանց նախապայմանների ազտել խաղաղապահներին եւ կոչ են արել կողմերին ինքնակամ համագործակցել առաքելության հետ` ապահովելու անձնակազմի անխափան աշխատանքն ու նրա անվտանգությունը»,- նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Էդուարդո Դել Բուեյը, ՄԱԿ-ի մոտ 20 խաղաղարարներ առեւանգվել են 30 հոգանոց խմբի կողմից: