Հարավային Օսիայի ներքին գործերի նախարար Ախսար Լավոեւը ծեծել է Ցխինվալի քաղաքապետի պաշտոնակատար Վադիմ Գաբարաեւին: Դեպքի մասին «Էխո Կավկազա»-ին հատնել են ականատեսները, Գաբարաեւը հաստատել է լուրը, սակայն նախարարը հերքում է՝ ասելով, որ «ընդամենը տղամարդկային զրույց է եղել»:
«Էխո Կավկազա»-ի տվյալով՝ մարտի 5-ի երեկոյան Ցխինվալի քաղաքապետ Գաբարաեւի տուն է այցելել Հարավային Օսիայի ներքին գործերի նախարար Ախսար Լավոեւը՝ նախարարության մի քանի զինված աշխատակիցների ուղեկցությամբ: Նրանք նախարարին քաղաքի կենտրոն՝ Ստալինի փողոց են տարել: Լավոեւը Գաբարաեւից պահանջել է չխառնվել կապալառու կազմակերպությունների աշխատանքներին, որոնք քաղաքում վերականգնողական աշխատանքներ են կատարում: Նախարարը քաղաքապետին մեղադրել է «իրենց» շինընկերությունների աշխատանքին խոչընդոտելու համար, այնուհետեւ մի քանի անգամ հարվածել է 65-ամյա Գաբարաեւին, որը վերջերս սրտի վիրահատության էր ենթարկվել:
Cominf.org կայքին Վադիմ Գաբարաեւը տեղեկացրել է, որ ժ. 22:40-ին իր տան մոտ է եկել Լավոեւը եւ խնդրել նստել մեքենան: «Նստեցի, գնացինք մինչեւ բանկ, այնտեղ կանգ առավ եւ առաջարկեց իջնել մեքենայից: Ես դուրս եկա, նա սկսեց հանդիմանել ու առանց նախազգուշացման սկսեց ծեծել ինձ: Հաջորդ օրը այդ մասին զեկուցեցի նախագահին, նա խոստացավ զբաղվել այդ հարցով», - պատմել է քաղաքապետի պաշտոնակատարը:
Նախարար Լավոեւն այլ կերպ է ներկայացնում իրավիճակը: Ըստ նրա՝ քաղաքով անցնելիս հերթական փոսն է նկատել հենց Ստալինի եւ Տաբալովի փողոցների խաչմերուկում: Փոսը ջրով լի էր եւ իսկական անակնկալ էր վարորդների համար: Լավոեւը որոշել է քաղաքապետին խաչմերուկ բերել, որպեսզի նա անձամբ համոզվի, թե ինչ անկարգություն է տիրում»: Այդտեղ էլ, ըստ նախարարի, «տղամարդկային զրույց» է տեղի ունեցել, ոչ մի ծեծ չի եղել, ասել է նա:




























