Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է մեկնաբանել ռուս գեներալի հայտարարությունը: Նալբանդյանի խոսքով` որեւէ մեկնաբանության անհրաժեշտություն չկա, քանի որ ՀԱՊԿ շրջանակներում ընդունված փաստաթուղթը բաց է ծանոթանալու համար: «Ինչ վերաբերում է որեւէ մեկի հայտարարությունների նյուանսներին, որոնք զգացմունքային մեկնաբանությունների առիթ են դարձել, ապա դրանք մեկնաբանելու անհրաժեշտություն ու պատճառ չկա»,-ասել է նա:

«Այս հայտարարության հատուկ մեկնաբանության կարիք չկա։ Պետք է նայել այն որոշումը,  որն ընդունեվել էր ՀԱՊԿ-ի շրջանակներում և վերաբերում է ՀԱՊԿ անդամ երկրների միջև  համապատասպան պայմանավորվածությանը, գոյություն ունի համապատասխան փաստաթուղթ և պետք է հիմնվել դրա վրա։ Չեմ կարծում, որ այս կապակցությամբ որևէ հայտարարություն, մեկ խոսք ավել կամ մեկ խոսք պակաս, զգացմունքային մեկնաբանության կարիք ունի»,-ասել է Նալբանդյանը:

Նշենք, որ մարտի 2-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքում ելույթ է ունեցել Արկադի Վարդանյանը եւ հայտարարել, որ «Հայաստանի իշխանությունները փորձում են գործի դնել արտաքին ուժերին` սեփական ժողովրդի դեմ պայքարում»: Նրա խոսքով` մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը կարող են ներգրավվել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարգավորելու համար:

Նման պնդման համար առիթ է դարձել Ռուսաստանի օդադեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովի հայտարարությունը, թե անհրաժեշտության դեպքում ռուս դեսանտայինները որպես արագ արձագանքման ուժեր, կարող են ուղարկվել երկրի սահմաններից դուրս` ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու նպատակով:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am