Հայաստանում գոյություն ունեցող «Հուշարձանների պահպանման» մասին օրենքը մեծ մասամբ խախտվում է: Այս մասին մարտի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության խորհրդի նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Հենց այս պատճառով մենք կորցնում ենք մեր կարեւոր պատմական հուշարձանները».- նշել է Մինասյանը: Միաժամանակ ճարտարապետն ընդգծել է , որ ազգային ժառանգության պահպանությունն այլ երկրներին հսկայական շահույթներ է բերում: «Օրինակ` Եգիպտոսի բուրգերը, Մեծ Բրիտանիայի, Բարսելոնայի ժառանգությունը»,- նշել է Մինասյանը:

Նրա խոսքով` 1924-1990 թվականներին Երեւանում կառուցվել են ճարտարապետական եւ պատմական տեսանկյուններից կարեւոր շինություններ, սակայն պատմական այս ամբողջ ժառանգությունը, որը երկրի համար պետք է ծառայեր որպես հոգեւոր եւ ֆինանսական աղբյուր` անհայտացել է մայրաքաղաքից: «Կառավարական շենքի  N2 կորպուսի (Հայաստանի ԱԳՆ) փոփոխությունը կհանգեցնի նրա պատմական տեսքի անհետացմանը»,-  նշել է նա: Միաժամանակ նա ընդգծել է, որ եթե երաշխիք ներկայացվեր, որ պատմական օբյեկտի արտաքին տեսքին ոչինչ չի սպառնում` ոչ մի խնդիր չէր լինի: