Օրենքը թույլատրում է պատմական հուշարձանների վաճառքը, բայց գոյություն ունի վաճառքի կարգ, եւ այդ կարգը խախտվում է: Այդ մասին մարտի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

«Հուշարձանները եւս տարբերվում են: Տվյալ դեպքում մենք գործ ունենք կառավարական մասնաշենքի հետ, որը Հանրապետության հրապարակի մաս է կազմում»,- ասել է Քալաշյանը` մեկնաբանելով ԱԳՆ շենքի վաճառքի հայտարարումը: Նա ընդգծել է, թե երբ որոշում է կայացվում այս կամ այն հուշարձանի օտարման մասին, անհրաժեշտ է համալիր քննարկումներ անցկացնել, եւ միայն հետո համապատասխան որոշում կայացնել:

Քալաշյանը պնդել է, թե ԱԳՆ-ի շենքը հյուրանոցային համալիր դարձնելու որոշումը պետք է չեղյալ հայտարարվի, քանի որ դա կառավարական շենք է: «Կարելի էր շենքը պահել պաշտոնական հանդիպումների անցկացման համար, իսկ աշխատանքային շենքը տեղափոխել այլ վայր»,- ասել է ճարտարապետը: