Ընտանիքի հետ արտասահմանում հինգ ամիս բնակված, Վրաստան վերադարձած պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը մարտի 7-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ երկրից հեռացել էր անվտանգության նկատառումներից ելնելով: Շաշկինը ընտանիքի հետ ԱՄՆ-ից Վրաստան է վերադարձել  մարտի 6-ի գիշերը:

«Ես մեկնել էի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, այդ թվում՝ իմ ընտանիքի անվտանգության նկատառումներից ելնելով… Ընտրություններից հետո երեխայիս հետ կապված որոշակի խնդիրներ կային… տվյալ պահին այդ խնդիրը չկա», - հայտնել է Շաշկինը:

Ըստ նրա՝  ընտրություններից հետո հասարակությունում «որոշակի հիստերիա էր»: «Ես ճիշտ համարեցի, որ հասարակությունը դատի՝ ով է սխալ եւ ով՝ ճիշտ: Կարծում եմ, որ հինգ ամսվա ընթացքում հանրության շրջանում որոշակի կարծիք է ձեւավորվել»,-  հայտնել է Շաշկինը:

Պաշտպանության նախկին նախարարը հայտնել է, որ պատրաստ է օրենքի առաջ պատասխան տալ հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Միասնական ազգային շարժում» կուսակցության պարտությունից հետո Շաշկինը մի քանի օրով գործուղման էր մեկնել ԱՄՆ, սակայն ավելի ուշ Facebook-ում երկրի բնակիչներին կոչ էր հրապարակել Վրաստանը լքելու իր որոշումը: Նրա մեկնելուց հետո  հակառակորդները Շաշկինին մեղադրել էին  նրանում, որ իբր մեկնելուց առաջ իր համար 700 հազար  լարի հավելավճար է դուրս գրել, որ զինծառայողների բնակարանները սխալ են բաշխվել եւ որ  նա իր նախարարությունում  հազար միավոր ինքնաձիգ է բաժանել:

«Միասնական ազգային շարժման» կառավարությունում Շաշկինը չորս տարվա ընթացքում մի քանի նախարարություն է փոխել, նա եղել է պատիժների իրագործման,  կրթության եւ գիտության, այնուհետեւ՝ պաշտպանության նախարար: