Հայաստանում հետընտրական ստեղծված իրավիճակում խոսք կարող է լինել միայն սկզբունքների մասին, պաշտոնների մասին նույնիսկ խոսելը միանգամայն անիմաստ է: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ի մամուլի ասուլիսում հայտնել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
«Իհարկե, ցանկացած մարդու, այդ թվում նաեւ գործող նախագահի համար, դժվար կլինի հրաժարվել ընտրությունների արդյունքներից, բացի այդ, բոլորովին էլ պարտադիր չէ հրաժարվել դրանցից: Սակայն ով է ասում, թե չի կարելի ցրել Հայաստանի Ազգային ժողովը եւ ժամանակակից քաղաքական իրողություններին համապատասխան նոր խորհրդարան ձեւավորել, որը նույնպես իշխանությունների շահերից է բխում», - ընդգծել է քաղաքագետը՝ հավելելով, որ երկրին համակարգային փոփոխություններ են պետք:
«Ես վստահ եմ, քաղաքական գործիչների ոչ մի մակարդակի հանդիպումներում պաշտոնների հարցը չի քննարկվել: Րաֆֆի Հովհաննիսյանը «քաղաքական առեւտրի» չի դիմել, եւ դա շատ լավ է», - ասել է Ստեփան Գիրգորյանը: Ըստ նրա՝ նախեւառաջ երկիրը բավական հաջող նախագահական ընտրություններ է անցկացրել, երկրորդ, քաղաքական առաջնորդները բանակցություններ վարել են սովորել, եւ երրորդ, իշխանությունը պարտավոր է արձագանքել ժողովրդի դժգոհությանը, սակայն դա չի նշանակում, թե բոլոր պահանջները պետք է կատարվեն:




























