Ներկայումս Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հիմնական գործառույթն այն է, որ կարողանան ժողովրդին համոզել, թե որքան լուրջ եւ կարեւոր են Երեւանի ավագանու ընտրությունները: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ի մամուլի ասուլիսում հայտնել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

«Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը գլոբալ է մտածում: Մեզ համար ամենից կարեւորը նախագահական ընտրություններն են: Եվ մնացած ընտրությունները զիջում են իրենց նշանակությամբ», - նշել է քաղաքագետը: Ըստ նրա՝ չի կարելի խառնել երկու տարբեր գործընթացներ՝ Հայաստանի նախագահական ընտրությունները եւ Երեւանի ավագանու ընտրությունները:  «Եթե «Ժառանգությունը» մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, ակնհայտ է, որ տեղի կունենա մանդատների վերաբաշխում:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի շատ ձայներ կանցնեն հենց  «Ժառանգությանը», -  ընդգծել է Ստեփան Գրիգորյանը: Նրա համոզմամբ՝ մյուս կարեւոր գործոնն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքական դաշինքները շատ հարկավոր են, սակայն դրանք արհեստական չպետք է լինեն:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am