Մարտի 6-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այցելել է Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարան՝ վերջինիս հրավերով դասախոսություն կարդալու նպատակով: 

Համալսարանում դեսպան Եսայանը հանդիպում է ունեցել ԲՈւՀ-ի միջազգային գործունեության գծով պրոռեկտոր Գ.Կրասնովայի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է համալսարանի առօրյան, ինչպես նաեւ ընթացիկ եւ ապագա ծրագրերը: Նա տեղեկացրել է նաեւ, որ նշված ԲՈւՀ-ում սովորում են 146 երկրներից ժամանած մոտ 6500 ուսանող, որից 115-ը` Հայաստանից են: Նշվեց նաեւ, որ համալսարանը միջբուհական համաձայնագրեր ունի Ռուս-հայկական սլավոնական համալսարանի հետ, իսկ ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանակներում համագործակցում է Երեւանի պետական համալսարանի, ինչպես նաեւ Երեւանի պետական լեզվաբանական եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանների հետ:

Հանդիպմանը հաջորդել է ՀՀ դեսպանի դասախոսությունը ԲՈւՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության համար Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին եւ դրանց տնտեսական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Դասախոսության ընթացքում դեսպան Եսայանն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին: Դասախոսության ավարտին ՌԴ-ում ՀՀ դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին:

Դեսպան Եսայանը  կարճ հարցազրույց է տվել նաեւ համալսարանի լրատվական ծառայությանը, իսկ այնուհետեւ առանձին հանդիպում ունեցել ԲՈւՀ-ի  հայ ուսանողների հետ: