Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու  շնորհավորանքն ենք բերում մեծազնիվ տիկնանց եւ օրիորդներին` Մարտի 8-ի տոնական առիթով:

Ուրախություն է ամենքիս համար այսօր մեծարել մեր սիրելի մայրերին, քույրերին ու դուստրերին եւ գնահատել մեր հայրենական, ազգային ու հոգեւոր կյանքում նրանց նվիրյալ ջանքերը, որոնք արդյունավորված են բազում ձեռքբերումներով:

Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ բոլոր ասպարեզներում իրենց ավանդով, նախանձախնդրությամբ, խնամքով ու հոգածությամբ կանայք շարունակ հաստատում են սուրբգրային խոսքը, թե բարի եւ իմաստուն կնոջ շնորհը առավել է, քան ոսկին:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ  Իր հանապազ օրհնության ներքո պահի ու պահպանի բոլոր կանանց եւ օրիորդաց` զորացնելով հավատքով, շնորհազարդելով հոգեւոր առաքինություններով եւ պարգեւելով ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու նորանոր հաջողություններ:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն այժմ եւ հավիտյան»: