Այսօր` մարտի 8-ին, ժամը 16:00-ին Երեւանի Ավետիք Իսահակյանի արձանի մոտից մեկնարկում է կանանց իրավունքներին նվիրված բողոքի երթը:

Երթի կազմակերպիչները հրավիրում են կիթառահարներների եւ երգիչների, քանի որ շարժվելու են երաժշտության ներքո:

Նրանց տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«1857 թվականի մարտի 8-ին Նյու-Յորքի փողոցներում հարյուրավոր կանայք պայքար սկսեցին, որպեսզի ձեռք բերեն այնպիսի իրավունքներ որոնք կինը երբեք չի ունեցել: Նրանք դուրս եկան փողոց պահանջելու ընտրական իրավունք, արժանապատիվ աշխատանքային պայմաններ եւ աշխատավարձ:

1910 թվականին Մարտի 8-ը անվանվեց ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՆ, որի հիմնական կոչը ուղղված էր բոլոր կանանց՝ համախմբվելու եւ պայքարելու իրավունքների հավասարության համար: Ի պատասխան այս կոչի բազմաթիվ երկրներում կանայք միացան այս շարժմանը հանուն իրավունքի, հանուն արժանապատվության վերականգման, հանուն խաղաղության եւ ասացին ոչ աղքատությանը:

Այսօր Հայաստանի կանայք էլ պետք է միանան այս երկարատեւ պայքարին, քանի որ մենք արդեն շատ ենք լռել՝ լռել ենք լքելով հայրենիքը, լռել ենք բաժանվելով հարազատներից, լռել ենք երբ բանակից բերել են մեր եղբայրների դիակները, լռել ենք երբ վաճառում էին մեր երազանքի երկիրը:

Այսօր մենք ոտքի ենք կանգնում ու ասում ենք, որ այլեւս չենք լռելու, պայքարի միջոցով մենք մաքրելու ենք դարերի լռությունը, մենք կանգնելու ենք մեր հայրենիքին ի պաշտպան, ինչպես քաջ զինվոր, քանի որ այստեղ ենք կառուցելու մեր ապագան, մեր իսկ ձեռքերով, մեր սեփական հողի վրա: Կառուցելու ենք մեր երեխաների, մեր թոռների, մեր ծոռների ապագան, մեր հայրենիքի ապագան սիրով եւ մայրական քնքշանքով լցված ձեքերով, վերականգնելով մեր արժանապատվությունը:

Մենք ուժեղ ենք, ամուր ու անկոտրում, թեեւ մեզ կին են ասում:

Եվ այսօր մենք միայնակ չենք, մեր թիկունքում կանգնած են նաեւ տղամարդիկ: Միասին մենք էլ ավելի հզոր ենք: Միացիր մեզ այս երկարատեւ պայքարում: Միասին պետք է տոնենք մեր ազգի հաղթանակը»: