Ժողովրդի մոտ համոզվածություն չկա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 37 տոկոս է հավաքել: Այս մասին, այսօր` մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով` կա ժամանակաշրջան, երբ իշխանության ռեակցիան սպառվում է, բայց ներկա պահին այդ ռեակցիան սպառված չէ, քանի որ ժողովուրդը հավաքվում է:

«Իշխանության ռեակցիան սպառվելու է, ղեկավարությունը կանգնելու է փաստի առաջ` կա’մ կոնկրետ քայլերի հաջորդականություն, կա’մ ժողովրդին շիկացման մեջ պահելու այլ քայլեր»,- ասաց Վարդան Խաչատրյանը:

Հարցին, թե վերադառնալո՞ւ է արդյոք «Ժառանգություն» նա պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել: Խոսելով շարժման ապագայի մասին, Խաչատրյանն ասաց. «Նախ պատկերացնում եմ, որպես մաքսիմալ թիրախի հաղթահարում Հայաստանում իշխանության այնպիսի փոփոխությունը, որը կհամապատասխանի նոր իրավիճակի, կարգավիճակի ձեւավորմանը, երկրում արդարության ավելի բարձր մակարդակի ապահովումը: Ավելի սակավ հավանական տարբերակ կհամարեի բոլոր այն ձեւախեղումների, ընտրակեղծիքների ճանապարհը փակելը եւ սահմանադրական առումով վստահության հանրաքվեի խնդիր դնելը»,- ասաց Վարդան Խաչատրյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am