Գլդանի բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն, որի շնորհիվ հրապարակվել էին բանտարկյալների կտտանքները, մարտի 7-ից հացադուլ է հայտարարել՝ բողոքելով գործի կողմնակալ հետաքննությունից։
«Գռուզիա Online»-ը գրում է, որ նա հացադուլ է անցկացնում «Իմ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության գրասենյակում եւ հանդիպում է պահանջում մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի, ինչպես նաեւ Վրաստանում հավատարմագրված դիվանագետների եւ միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Ակցիան ուղղված չէ Բիձինա Իվանիշվիլիի եւ ներկայիս իշխանության դեմ: Իմ բողոքն ուղված է բանտային կադրերի հետաքննությանը մասնակցած կոնկրետ անձանց եւ դեռեւս Սահակաշվիլիի ազդեցության տակ գտնվող վրացական դատարանի դեմ», - հայտնել է Բեդուկաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին իշխանությունների կողմից Բեդուկաձեի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2012թ. սեպտեմբերի վերջին: Գլդանի բանտարկյալների կտտանքների մասին նրա նկարահանած կադրերը բողոքի ցույցեր էին հրահրել Սահակաշվիլիի իշխանության քաղաքականության դեմ, հանգեցրել էին երկու նախարարների հրաժարականի, Սահակաշվիլիի թիմի վարկանիշի անկման եւ պակաս կարեւոր դեր չէին խաղացել 2012թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին հանրային կարծիքի ձեւավորման հարցում: Նա Վրաստան էր վերադարձել նոյեմբերի 18-ին եւ ձերբակալվել: Այս պահին նրան գրավի դիմաց ազատել են:




























