Հայաստանում խորհրդարանում  131 պատգամավորներից 14-ն է կին, ունենք երկու կին նախարար, կին մարզպետներ չկան, իսկ կին համայնքապետերն ընդամենը մի քանի տասնյակ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա  հ/կ-ի նախագահ Լիլիթ Աաատրյանը՝ շեշտելով, որ այս թվերի հետ կապված առաջընթաց կա, բայց իհարկե, այն, ինչ ունենք, բավարար չէ:

Ինչ վերաբերում է գործարար հայ կանանց, ապա հստակ պաշտոնական վիճակագրություն չկա: Սակայն Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան 2011թ ստեղծել է  ՀՀ կին ձեռներեցների ցանցը,  որում ընդգրկվածների թիվը տարեցտարի ավելանում է եւ արդեն  ավելի քան 300 գործարար կին կա:  «Իհարկե, ընդամենը  300 կին ձեռներեց չէ, որ մեզ մոտ կա, նրանց թիվը շատ ավելի է, բայց մենք փորձում ենք նաեւ այդ ցանցի միջոցով համախմբել կանանց՝ հատկապես ուշադրություն դարձնելով փոքր եւ միջին բիզնեսին»,- նշեց նա:

Լիլիթ Աատրյանի կարծիքով՝ հայ կնոջ առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է, որի մասին բարձրաձայնում են անգամ պետական ատյանները, օրինակ՝  Զբաղվածության պետական ծառայությունը, որի տվյակները ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր: «Տղամարդիկ արտագաղթում են, կանայք էլ՝ համալրում գործազուրկների շարքերը»,- նշեց Լիլիթ Ասատրյանը:

Մյուս խնդիրը, որը ծառացած է հայ կնոջ առաջ, առնչվում է  առողջապահական ոլորտին, մասնավորապես՝  վերարտադրողական առողջությանը, քանի որ այսօրվա երիտասարդ կինը 1990- ականնների երեխան է, ով տեսել է բազմաթիվ սթրեսներ,  եւ այսօր ունի բազմաթիվ առողջական խնդիրներ: Լիլիթ Ասատրյանը նշեց, որ մյուս խնդիրը վերաբերում է  կանանց հասարակական, քաղաքական մասնակցությանը, հատկապես՝  մարզային եւ գյուղական բնակավայրերում, որովհետեւ Երեանում  քիչ թե շատ այդ ակտիվությունը նկատվում է: «Կանանց վիճակը մարզերում այնպիսին  է, որ նույնիսկ ժամանակ չի ունենում մտածելու իր հասարակական, քաղաքական ակտիվութան մասին, դա կապված է սոցիալական րավիճակի հետ»,-նշեց նա:

Լիլիթ Ասատրյանը շեշտեց,  որ կանանց առաջ ծառացած են այն բոլոր խնդիրները, ինչ բոլոր ՀՀ քաղաքացիների առաջ՝  էկոլոգիա, արդարադատություն եւ այլն:  «Բայց գիտենք, որ մեր երկրում կանայք բնակչության կեսից ավելին են եւ այդ խնդիրների առաջ կանգնած է բնակչության կեսից ավելին»,- նշեց Լիլիթ Ասատրյանը:

Նա նշեց, որ կանանց խնդիրները ատսիճանաբար լուծվում են, սակայն որոշ ոլորտներում այնքան դանդաղ է այդ ամենը կատարվում, որ առաջընթաց ընդհանրապես չկա: